Ողջույնի խոսքով հանդես եկավ ՌՀՀ Ֆիզիկական դաստիարակության և առողջ ապրելակերպի ամբիոնի վարիչ, պրոֆեսոր Արմեն Գրիգորյանը։
Երևանի պետական համալսարանի Ընդհանուր հոգեբանության ամբիոնի կողմից կազմակերպված «Տեսական և կիրառական հոգեբանության արդի հիմնախնդիրները» 10-րդ միջազգային գիտաժողովի շրջանակում հոկտեմբերի 12-ին անցկացվեց «Սթրեսից հաջողություն․ հոգեբանական և հոգեբուժական մոտեցումները սպորտում» թեմայով աշխատարան՝ ՌՀՀ Ֆիզիկական դաստիարակության և առողջ ապրելակերպի ամբիոնի ու Հոգեսոցիալական կարգավորման կենտրոնի համագործակցությամբ։
Միջոցառմանը ներկա էին ՀՀ ԿԳՄՍ նախարարության սպորտի քաղաքականության վարչության քաղաքականության մշակման և վերլուծության բաժնի պետ Արթուր Սեդրակյանը և նույն վարչության ծրագրերի իրականացման բաժնի պետ Սերգեյ Աբրահամյանը, ովքեր բարձր գնահատեցին գիտաժողովի կազմակերպումը՝ կարևորելով մարզիչների ակտիվ մասնակցությունն ու հետաքրքրվածությունը նման միջոցառումներում։
Սեմինարին մասնակցեցին նաև Հայաստանի մարզական ֆեդերացիաների ներկայացուցիչներ, մարզիչներ, մարզիկներ և սպորտային հոգեբաններ։
Աշխատարանի ընթացքում ողջույնի խոսքով հանդես եկավ ՌՀՀ Ֆիզիկական դաստիարակության և առողջ ապրելակերպի ամբիոնի վարիչ, մ.գ.դ., պրոֆեսոր Արմեն Գրիգորյանը։ Իր խոսքում նա ընդգծեց, որ հոգեբանական պատրաստվածությունն այսօր մարզական արդյունքների անբաժանելի մասն է. մարզիկի հաջողությունը պայմանավորված է ոչ միայն ֆիզիկական մարզվածությամբ, այլև հոգեկան կայունությամբ և սթրեսը կառավարելու կարողությամբ։ Պրոֆեսոր Գրիգորյանը կարևորեց այն հանգամանքը, որ համալսարանն ու ամբիոնը մշտապես աջակցում են սպորտի և առողջ ապրելակերպի զարգացմանը՝ պարբերաբար նախաձեռնելով շարունակական բնույթ կրող նմանատիպ միջոցառումներ։
Ելույթներով հանդես եկան նաև ՌՀՀ Ֆիզիկական դաստիարակության և առողջ ապրելակերպի ամբիոնի ներկայացուցիչները, որոնք միաժամանակ հանդիսանում էին աշխատարանի կազմակերպիչներ։ Կ.գ.թ., դոցենտ Լուսինե Ստեփանյանը ներկայացրեց «Սթրեսից դեպի արդյունք․ հաղթահարման և վերականգնման ռազմավարություններ» թեման, իսկ հ.գ.թ., դոցենտ Բարեղամ Մնացականյանը՝ «Մարզիկների մոտիվացիան և հոգեկան կայունությունը»։
Աշխատարանի նպատակն էր ներկայացնել սթրեսի կառավարման, հոգեբանական միջամտությունների և մարզիկների դիմակայունության բարձրացման ժամանակակից մոտեցումները՝ թե՛ տեսական, թե՛ գործնական հարթություններում։