ՌՀՀ ուսանողները, դասախոսներն ու աշխատակիցները՝ համալսարանի ռեկտոր, պրոֆեսոր Էդվարդ Սանդոյանի գլխավորությամբ, ծաղիկներ խոնարհեցին Արցախյան երկրորդ պատերազմում զոհված ՌՀՀ ուսանողների և շրջանավարտների հիշատակին նվիրված հուշարձանին։
Ռուս-Հայական համալսարանի ուսանողները, դասախոսներն ու աշխատակիցները՝ համալսարանի ռեկտոր, պրոֆեսոր Էդվարդ Սանդոյանի գլխավորությամբ, հունվարի 27–ին ծաղիկներ խոնարհեցին Արցախյան երկրորդ պատերազմում զոհված ՌՀՀ-ի ուսանողների և շրջանավարտների հիշատակին նվիրված հուշարձանին։ Հիշատակի միջոցառմանը մասնակցեցին նաև հերոսների ծնողներն ու ընկերները։
ՌՀՀ-ի ռեկտոր Էդվարդ Սանդոյանը նշեց, որ համալսարանը մեծ ակնածանքով է պահպանում հայրենիքի համար կյանքը զոհաբերած իր ուսանողների և շրջանավարտների հիշատակը՝ ընդգծելով, որ նրանց սխրանքը հավերժ կմնա որպես բարոյական ուղենիշ ապագա սերունդների համար:
Հիշատակի օրվա շրջանակում ծնողները, ուսանողները և դասախոսները այցելեցին նաև Լեոնիդ Ազգալդյանի անվան հուշալսարան, այնուհետև «Եռաբլուր» զինվորական պանթեոն, որտեղ խոնարհվեցին հայրենիքի պաշտպանների հիշատակի առաջ։
Զոհվածների ծնողները իրենց երախտագիտությունն արտահայտեցին ՌՀՀ-ի ղեկավարությանը և պրոֆեսորադասախոսական կազմին՝ հերոսների հիշատակը պահպանելու համար՝ նշելով, որ իրենց ընտանիքների համար չափազանց կարևոր է տեսնել, որ իրենց որդիների սխրանքը չի մոռացվում և շարունակում է ապրել մարդկանց սրտերում։
Այդ օրը ներկայացվեց նաև «Մեզ բացակա չդնեք» գիրքը, որը նվիրված է 2020–2023 թվականների ռազմական գործողությունների ընթացքում զոհված ուսանողների հիշատակին։
Հավերժ հիշատակ և փառք մեր հերոսներին՝ Ալբերտ Հովհաննիսյանին, Մխիթար Գալեյանին, Վրեժ Ավետիսյանին, Արման Աղվանյանին, Էդուարդ Չիչյանին, Էրիկ Ազատյանին, Գագիկ Բրսոյանին, Արեգ Բարսեղյանին, Նորայր Մայիլյանին, Տիգրան Շաշիկյանին, Լևոն Խուրշուդյանին, Բենիամին Նալբանդյանին, Գրիգոր Լեմեշկոյին, Վահե Եղիկյանին, Տիգրան Պողոսյանին, Սուրեն Գաբրիելյանին, Կարապետ Բուռնազյանին, Հակոբ Եղիազարյանին, Նորիկ Վարդանյանին, Էրիկ Գեղամյանին, Արգիշտի Առաքելյանին։
Հիշեցնենք, որ հունվարի 27-ը Հայաստանում հայտարարված է Հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակի օր: